Главная » Статьи » Мои статьи

Արմատական փոփոխությունների անհրաժեշտություն
Արմատական փոփոխությունների անհրաժեշտություն Երիտասարդական հավաքականը սովորաբար գտնվում է ազգայինի ստվերում: Երիտասարդականի տնային հանդիպումներին անհամեմատ ավելի սակավ թվով երկրպագուներ են այցելում: Նրանց ելույթների լուսաբանումն անհամեմատ ավելի փոքր ծավալների է արժանանում մամուլում: Դրա պրոբլեմների մասին խոսվում է մի շարք այլ հարցերի քննարկումից հետո: Համոզված ենք, որ Հայաստանում երիտասարդական հավաքականը պետք է այլ կարգավիճակ ունենա միայն այն պատճառով, որ ազգային ֆուտբոլի գլխավոր պրոբլեմներից մեկը պատանեկանից պրոֆեսիոնալ մակարդակի ճիշտ անցում կազմակերպելն է: Տարիներ շարունակ մասնագետները բարձր գնահատականներ են տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին, խոստանում, որ մի քանի տարի անց այս կամ այն խաղացողն անպայման կփայլատակի եվրոպական բեմահարթակներում: Անցնում են տարիներ եւ թերթելով արխիվները կարդում ենք հին նյութերը, համեմատում իրականության հետ եւ հասկանում, որ բազմաթիվ խոստումնալից ֆուտբոլիստներ այդպես էլ վարպետներ չդարձան: Իհարկե յուրաքանչյուր դեպքում կարելի է որոշակի պատճառաբանություններ գտնել, հարգելի պատճառներ թվարկել, սակայն զանգվածային «կորուստները» վկայում են բացասական տենդենցի մասին: Մեզ չի հաջողվում ճիշտ կազմակերպել տաղանդավոր երիտասարդների հետագա աճը: Միգուցե սխալ է կազմակերպվում նրանց մարզչական պրոցեսը կամ բաց թողումներ են տեղի ունենում հոգեբանական պատրաստվածության առումով: Պատասխանը կարող են տալ որակյալ մասնագետը: Ցավոք, այսօրվա դրությամբ այդպիսի «ճոխություն» երիտասարդական հավաքականն իրեն թույլ տալ չի կարող: Մենք շարունակում ենք վստահել դանիացի տուրիստ Ֆլեմինգ Սերցլեւին՝ ինքնվստահ եւ կյանքից լիակատար գոհ մի անձնավորության, որը, համոզված ենք, չի համապատասխանում ժամանակակից ֆուտբոլի ստանդարտներին: Իհարկե նա հակառակ կարծիքն ունի սեփական ունակությունների մասին եւ շարունակաբար հայերին ֆուտբոլային այբուբենը ուսանելու ցանկություն է դրսեւորում, բայց իրականությունը այլ բանի մասին է վկայում: Գլխավոր մարզչի աշխատանքը գնահատվում է ատաջին հերթին արդյունքներով: Միգուցե երիտասարդական թիմի մարզչի համար կարելի է որոշակի վերապահումներ կատարել եւ գնահատականների համակարգում ընդգրկել նաեւ տաղանդների աճի եւ զարգացման հատկանիշը: Սակայն Սերիցլեւի պարագայում չկան ոչ արդյունք, ոչ զգալի առաջընթաց իրեն վստահված ֆուտբոլիստների խաղում: Իսկ եթե այդպես է, ապա դանիացի մասնագետի աշխատանքին հնարավոր է տալ միայն բացասական գնահատական: Այս կարծիքը հերթական ապացույցը գտավ Հայաստան – Էստոնիա մրցավեճում: Դրան մեր թիմը մոտեցել էր իր պասիվում ունենալով չորս պարտություն: Ակտիվում կար միայն Սերիցլեւի եւ որոշ անհեռատես մասնագետների համոզմունքն այն բանի մեջ, որ ամեն ինչ լավ կլինի եւ երիտասարդական ընտրանին խմբից դուրս գալու շանսեր է պահպանում: Ինչով էր ամրապնդված այդ անհասկանալի լավատեսությունը պարզ չէր, եւ վերջին հանդիպումը որեւէ պարզաբանում չմտցրեց այս հարցում: Մարդկային առումով կարելի է հասկանալ Սերիցլեւին. հայրենիքում նրա մակարդակի մարզչի հավակնությունները սահմանափակվում են սիրողական թիմում աշխատանքով: Այն բնական է բարձր վարձատրություն չի խոստանում: Իսկ ահա Հայաստանում նա ունի որոշակի կարգավիճակ, ունի մինչեւ գալիք տարվա սեպտեմբերը կնքված պայմանագիր, համաձայն որի նա իր մակարդակի աշխատողի համար մեծ գումարներ է ստանում եւ կստանա անկախ ցուցադրած արդյունքներից: Խոստովանենք, որ մեզանից շատերը չէին հրաժարվի այսպիսի բարենպաստ պայմաններից: Ինչ է պահանջվում Սերիցլեւից. մեծ ֆուտբոլային գիտակ ձեւանալ, անհաջողություններին հարմար պատճառաբանություններ գտնել եւ լավատեսական խոստումներ տալ: Այս կարգի մասնագետը չունի վարկանիշ, նա փաստորեն ոչինչ չի կորցնում: Իսկ ահա հայկական ֆուտբոլը, դրա աճող սերունդը շատ բան է կորցնում: Առաջին հերթին ժամանակ: Քանի որ անցնում են օրեր, ամիսներ, ընտրական ցիկլեր, իսկ մեր երիտասարդական հավաքականը առաջընթաց չի ապրում: Դրա ֆուտբոլիստները որակական քայլեր իրենց զարգացման չեն ապրում: Հենց այս պատճառով անհիմն ենք համարում ազգային հավաքականում արմատական սերնդափոխություն անցկացնելու կոչերը: Երիտասարդական հավաքականում մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Սա անվիճելի է: Սակայն իսկական վարպետ դառնալու համար նրանք դեռ մեծ ծավալի աշխատանք պետք է կատարեն: Ավելի ճիշտ՝ նրանց հետ պետք է աշխատանք տարվի: Իսկ ով է տանելու այդ աշխատանքը: Դանիացի Սերիցլեւ՞ը: Նրա մարզչական «տաղանդները» հերթական անգամ արտահայտվեցին Էստոնիայի հետ մրցավեճում, որը թվում էր, թե մեր սցենարով է ընթանում: Թիմը առաջ էր անցել հաշվի մեջ, կարող էր զարգացնել հաջողությունը: Մրցակցի դարպասի մոտ ստեղծվող եւ նույն հաջողությամբ վատնվող վտանգավոր պահերը ինքնավստահության մթնոլորտ էին ստեղծում եւ նվազեցնում վտանգի զգացումը, որը պետք է որ առաջանար պաշտպանության կենտրոնում բազմաթիվ սխալներից հետո: Սակայն գլխավոր մարզիչն արձագանքեց խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին ուշացումով: Նա փոխարինեց Դավիթ Մանոյանին միայն այն ժամանակ, երբ վերջինիս կողմից կատարված սխալների թիվը գերազանցեց բոլոր թույլատրելի լիմիտները: Թադեւոսյանի աններելի շռայլությունը հակառակորդի դարպասի մոտ դանիացին «նկատեց» միայն 84-րդ րոպեին: Որպես հետեւանք խաղային ձեռագիր չունեցող, հյուսիսային ֆուտբոլի ամենադժգույն ավանդույթներով հանդես եկող Էստոնիայի ընտրանին կարողացավ հավասարեցնել հաշիվը եւ զրկել տանտերերին երեք միավորից՝ ընդգծելով Հայաստանի երիտասարդական հավաքականում փոփոխությունների արդիականությունը: Հ.գ. Այս նյութը պատրաստվել էր մինչև Հայաստան-Իռլանդիա հանդիպումը: Մեր հավաքականը հիանալի ֆուտբոլ ցուցադրեց, բայց մենք մնում ենք մեր կարծիքին: Ունենալով այդպիսի կազմ և վաստակելով 6 խաղում 4 միավոր, դա այն չէ, ինչը մենք սպասում էինք: «Ֆուտբոլ 365» լուսանկարը` ArmFootball.com
Категория: Мои статьи | Добавил: VLO (22.11.2009)
Просмотров: 482 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: