Главная » 2010 » Август » 31 » Լևոն Հայրապետյանը մարզվում է Բունդեսլիգայի թիմում
16:05
Լևոն Հայրապետյանը մարզվում է Բունդեսլիգայի թիմում
Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Լևոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում գերմանական «Սանկտ Պաուլի» թիմում, որը ելույթ է ունենում Բունդեսլիգայում։ Հայրապետյանը, ով ժամանել է Երևան և պատրաստվում է սեպտեմբերի 7-ին Վրաստանի հետ արտագնա մրցավեճին, ArmSport.am-ին տեղեկացրեց, որ «Սանկտ Պաուլիում» մոտ 10 օր մարզվել է։

«Ես ազատ խաղացողի կարգավիճակ ունեմ, ինչը հնարավորություն է տալիս նույնիսկ տրանսֆերային պատուհանի փակ լինելու ընթացքում տեղափոխվել որևէ ակումբ։ Վերջին օրերին մարզվում էի «Սանկտ Պաուլիի» կազմում, սակայն դեռ հայտնի չէ իմ հետագա ճակատագիրը։ Երիտասարդական հավաքականի առաջիկա խաղից հետո վերադառնալու եմ Գերմանիա և այդ ժամանակ արդեն պարզ կլինի, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս»,- նշեց Հայրապետյանը։

Լևոնն ընդգծեց, որ Բունդեսլիգան աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկն է, իսկ ընթացիկ մրցաշրջանում գոլառատ հանդիպումների մեծ քանակը ֆուտբոլիստը բացատրեց հետևյալ կերպ. «Բունդեսլիգայի թիմերը բավական հարձակվողական և արագ ֆուտբոլ են ցուցադրում։ Այդ պատճառով էլ հանդիպումները գոլառատ են։ Գերմանական ակումբները նաև լավ համալրումներ են ստացել և այս առաջնությունում դա զգացվում է»։

Խոսելով սեպտեմբերի 7-ին կայանալիք Վրաստան-Հայաստան (մինչև 21 տարեկաններ) հանդիպման մասին՝ Հայրապետյանը հիշեց օգոստոսի 11-ին Երևանում կայացած առաջին հանդիպումը. «Սեփական հարկի տակ մենք զիջեցինք վրացիներին, սակայն ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեցինք և կարող էինք առնվազն չպարտվել։ Վրաստանը լավ խաղացողներով է համալրված, սակայն Երևանում նրանք չփայլեցին։ Հույս ունեմ, որ Թբիլիսում ռևանշի կհասնենք»։

Լևոնն անհամբերությամբ սպասում է նաև ազգային հավաքականի սեպտեմբերի 3-ի ելույթին, երբ Հայաստանի ազգային թիմը հյուրընկալելու է Իռլանդիային. «Մրցակիցը շատ ուժեղ է, սակայն Երևանում դժվար կլինի նրանց համար կլիմայափոխվելը։ Իռլանդացիներն այստեղ դժվարություններ կունենան և ողջ ուժով չեն կարող հանդես գալ։ Ես հույս ունեմ, որ մեր հավաքականը 3 միավոր է վաստակելու առաջիկա խաղում։ Մեր ընտրանին ևս լավ կազմ ունի և կարող է ուրախացնել բոլորիս»։

Просмотров: 454 | Добавил: VLO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: